Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել տնտեսվարողների եւ մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երեւույթների դեմ: Այս մասին եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում իր խոսքում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նիստին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՊԵԿ նախագահը կարեւորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել տնտեսվարողների եւ մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երեւույթների դեմ: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների օժանդակությունը»:
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով: Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաեւ խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը: Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ խորհուրդը խնդիրների բացահայտման եւ գույքագրման հարթակ է: Քննարկումներին հաջորդում է ՊԵԿ նախագահի միջնորդությամբ աշխատանքային խմբերի ստեղծումը՝ վարչարարության եւ քաղաքականության ոլորտի տարբեր խնդիրներին լուծում տալու նպատակով:




























