Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը թեեւ դեմ չէ ուսանողների՝ ուսման տարկետումը վերականգնելու պահանջին, սակայն կարծում է, որ իր ղեկավարած բուհից այդ ցույցին միանալու անհրաժեշտություն չկա, քանի որ ասպիրանտուրային ընդամենը ութ տեղ է հատկացված։ NEWS.am–ի հետ զրույցում Կորյուն Աթոյանը զարմացած հակադարձեց՝ Տնտեսագիտականում սովորող ութ հազար ուսանողը ութ հոգու պաշտպանության համար փողոց դուրս գա՞։ Բացի այդ Աթոյանը կարծում է, որ երկու տարով ուսման ընդհատումը չի կարող բացասաբար ազդել տնտեսագիտական գիտելիքների վրա, իսկ կրթական մյուս ոլորտների մասով ոչինչ պնդել չի կարող։

«Մի կողմից կրթությունն անընդհատ լինելու դեպքում մի գուցե մեծ որակ կապահովվի, մյուս դեպքում, որ խոսում են՝ բանակից մի զգալի մասը ազատվելու պատճառով է շարունակում, նման երեւույթներ էլ կան։ Մեզ համար խնդիրն այն է, որ հիմնական մասը տարկետում չի ստանում։ Ուսանողների իրավունքն է ցույցեր անելը, բայց պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ»,–ասաց Աթոյանը՝ շեշտելով, թե մինչեւ օրենքի առաջին ընթերցումը ռեկտորներով էլ են բազմիցս հանդիպել ու այն մանրամասնությամբ քննարկել։ Ինչպես տեսնում ենք՝ ռեկտորները տարկետման իրավունքը հանելու դեմ որեւէ առարկություն չեն ներկայացրել։

«Կրկնում եմ՝ մեզ մոտ ընդամենը ութ տեղ է հատկացված, եթե ուսանողությունը էդ տարկետումից չի օգտվել, ո՞ւմ համար է պայքարելու, ութ հոգու համա՞ր։ Մեզ մոտ վերջնարդյունքում ութ հոգի է ազատվում, ութ հազար ուսանող որ ոտքի կանգնի, ի՞նչ խնդիր է լուծելու»,–ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է դասադուլավոր ուսանողների պնդումներին, թե երկու տարով կրթությունը ընդհատելը բացասաբար է ազդելու ուսանողի գիտելիքների վրա, Աթոյանը չբացառեց, որ դա հնարավոր է, բայց ոչ տնտեսագիտական ուղղվածության մասով։

«Ուսման անընդհատության խնդիրը չեմ կարող ասել՝ բնագիտության վրա ինչպես կազդի, կոնսերվատորիայի ուսանողի դեպքում ինչպես կլինի, բայց որպես տնտեսագիտականի ռեկտոր՝ չեմ պակերացնում, որ բանակ գնալը տնտեսագիտական գիտության վրա այնպիսի ազդեցություն է ունենալու, որ ութ հոգին չեն կարող զբաղվել գիտությամբ»,–ասաց ռեկտորը։ Կրթական գործընթացն ավարտելուց հետո բանակ զուրակոչվելը ցանկալի տարբերակ է Կորյուն Աթոյանի համար, բայց ժամանակահատվածի առանձնահատկությունից է կախված։  Անդրադառնալով ուսանողների գիտությամբ չզբաղվելու մեղադրանքներին՝ ռեկտորն ասաց, որ պատճառը միայն այն չէ, որ զինծառայությունից խուսափելու թաքստոց է օգտագործվում, այլ որ գիտությամբ զբաղվելիս՝ արդեն իսկ հասկանում են, որ գիտությամբ վաստակածով չես կարող ապրել, տուն գնել, ու հրաժարվում են այդ ուղուց։ Թե ինչպես կհանգուցալուծվի գիտության ապագայով մտահոգ ուսանողների դասադուլը եւ կառավարության դիամադրությունը, ռեկտորը դժվարացավ կանխատեսել, փոխարենը ուսման տարկետման իրավունքի բացակայության դեպքում դիմորդների նվազումը հնարավոր համարեց։