Նոյեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության 25 աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա ծրագիրը: Այն իրականացնում է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը եւ  ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ողջունելով մասնակիցներին, կարեւորել են նմանօրինակ վերապատրաստումների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ, եւ արդյունքում վերապատրաստում անցած աշխատակիցները, ձեռք բերելով հմտություններ, դրանք հետագայում կկիրառեն  իրենց աշխատանքում:

Վերապատրաստման ծրագիրը տեւելու է  72 ժամ: Սեմինար-դասախոսությունների ընթացքում անդրադառնալու են Պրոբացիայի պետական ծառայության առաքելությանը, դերին, զարգացման տեսլականին, պրոբացիայի ծառայողի նկարագրին, հաշտարարությանը/մեդիացիային, էլեկտրոնային հսկողությանը, վերջինիս կիրառման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներին, առանձնահատկություններին, ինչպես նաեւ շահառուների հետ իրականացվող սոցիալական աշխատանքին,  ռիսկերի եւ կարիքների գնահատմանը, դեպքերի վարմանը, վերահսկողության պլանի կազմմանն ու պրոբացիայի ծառայողների հոգեբանական պատրաստվածությանը: