ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքների եւ հարակից այլ օրենքների, նաեւ դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։
Նախագծով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում․
Հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի եւ ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաեւ դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրվում է հեռարձակել ժամը 24.00-ից մինչեւ 06.00-ն ներառյալ:
Վիճակախաղի եւ ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է՝
որեւէ կերպ դիմել անչափահասներին
մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործելը
տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է
տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է
ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության
քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը
Վիճակախաղի եւ ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։




























