Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարությունների ժամին անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ «Սորոսի» մասին հնչեցրած քննադատություններին:
«Եկեք տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունում ամենաշատը գրանտ ով է ստացել, եթե ոչ Հայաստանի կառավարությունը և բյուջեն: Հասարակական կազմակերպություններին անվանել գրանտակեր, երբ դուք Հայաստանի Հանրապետությունն եք ներկայացնում ու ամենաշատն եք ստացել, կարծում եմ, ազնիվ ու արդար չէ: Այդ ՀԿ-ները փակելու կոչերը եթե ռասիստական չեն, ապա գոնե դեմ են ՀՀ շահերին»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն այսօր հայտարարել էր, որ ուսանողների դասադուլի համար «Սորոսը» 20 հազար դոլար է տվել Հայաստանյան հասարակական կազմակերպությանը: Պատգամավորը «Սորոսը» անվանել էր չարիք:



























