Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը վերջին 8-10 տարիներին (ինչպես ակտիվներն, այնպես էլ կոմերցիոն բանկերի վարկային պորտֆելները) ավելացել է չորս անգամ: Այդ մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խորհրդարանում նոյեմբերի 14-ին ներկայացնելով  ԿԲ մասին գործող օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը եւ կից օրենքների շարքը։

Նրա խոսքով, ինչ վերաբերում է վարկային դրույքաչափերի կառուցվածքին, ապա Հայաստանում դրանք ավելի ցածր են՝ հարեւան Վրաստանի կոմերցիոն բանկերի կողմից տրվող վարկանին ռեսուրսների դրույքաչափերի համեմատությամբ:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարվա սեպտեմբերին վարկային միջին տարեկան դրույքաչափը հայրենական արժույթով կազմել է մոտ 14,4 տոկոս իրավաբանական անձանց համար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում բանկերը  տնտեսվարող սուբյեկտներին միջոցներ են տրամադրել արդեն 10,7 տոկոսով: Վարկային ռեսուրսների արժեքը նվազել է նաեւ արտարժույթով՝ 9,7 տոկոսից մինչեւ 8,2 տոկոս:

Նույնն է պատկերը ֆիզիկական անձանց վարկավորման համար։ Ի տարբերություն անցյալ տարվա 19 տոկոս դրույքաչափի, այս տարի դրամով միջոցները կարելի է բանկերից ստանալ 16.2 տոկոսով, իսկ արտարժույթով՝ 12.5 տոկոսով։