Ուսանողների հայտարարած հացադուլը շարունակվելու է: Այս մասին «Ազատություն» ռադիակոյանի եթերում հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարած 5 ուսանողներից Դավիթ Պետրոսյանը:

«Նախագծի այսօրվա քվեարկությամբ շարունակվում է այն վարքագիծը, որի մասին մենք նշում էինք: Նախնական տրամադրվածությունն այնպես է, որ ինչ էլ լինի, ինչ չլինի, օրենքն ընդունվելու է: Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ դա անում է ոչ միայն կոնկրետ կառավարության ներկայացուցիչ, այլ` ԱԺ-ն, որը ներկայացուցչական մարմին է` պատասխանատու, հաշվետու ժողովրդի առաջ: Այս ամենն ուղղակի խորացնում է անջրպետը ժողովրդի եւ Ազգային ժողովի միջեւ», - ասաց Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ բովանդակային առումով իրենց այնպես էլ ոչ ոք չպատասխանեց:

«Մենք լավ, ոչ մի բանի կարիք չունենք, հացադուլը շարունակելու ենք»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: