Պրակտիկան ցույց է տալիս, որ լավագույն մոդելը առողջապահության համակարգում ապահովագրության ինստիտուտի ներդրումն է: Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ամեն տարի պետական բյուջեից առողջապահության ոլորտին մոտ 80 մլրդ դրամ է հատկացվում, սակայն արդյունքները չեն գոհացնում ո՛չ նրանց, ովքեր բժշկական ծառայություններից են օգտվում, ո՛չ նրանց, ովքեր այն տրամադրում են: «Սա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի վրա: Իսկ բժշկության մեջ ապահովագրության ինստիտուտի ներդրումը հենց այն գործիքն է, որը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը: Ամբողջ աշխարհում ուրիշ մոտեցում չկա, քանի որ այս դեպքում ապահովագրական ընկերությունները շահագրգռված են, որ իրենց հաճախորդներին որակյալ ծառայություններ մատուցվեն: Այլապես նրանց պարզապես կկորցնեն»,- ասաց ֆինանսների նախարարը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանի հարցին, թե ինչու է 2018-ի պետական բյուջեի նախագծում կառավարությունն ընտրել առողջապահության համակարգում պետպատվերի ֆինանսավորման նման մոդելը:
Բուժօգնության վերաբերյալ նոր ծրագրի համաձայն՝ նախատեսվում է պետական ծառայությունների տրամադրման եւ դրանց ֆինանսավորման ընթացակարգերը փոխանցել ապահովագրական ընկերություններին: Որպես հիմնավորում Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ դրանով Հայաստանում ներդրվում է բժշկական ապահովագրության ինստիտուտը: Իսկ պետպատվերի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ծրագրում են բաշխել ապահովագրական ընկերությունների միջեւ:
Պատգամավորն ընդգծեց, որ դրանց թվում է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա» ընկերությունը: Պետպատվերի շրջանակում բուժօգնության կազմակերպումը եւ ֆինանսավորումը կիրականացվեն ապահովագրական ընկերությունների կողմից, որոնց էլ կմնա չծախսված գումարը շահույթի հետ միասին:
«Ինչ վերաբերում է ընկերությունների թվում «Ինգո Արմենիա»-ի առկայությանը, ապա ի սկզբանե դրանց ընտրության ժամանակ թափանցիկ բանաձեւ է կիրառվել, որը հաստատել է կառավարությունը: Հաշվի են առնվել 2 կարեւոր ցուցանիշներ: Առաջին՝ առողջապահության ոլորտում ապահովագրական վճարումների ընդհանուր չափը: Այսինքն՝ այս ոլորտում տվյալ ընկերությունը որքանով է փորձառու: Եվ երկրորդ՝ կապիտալի չափը, որի հիման վրա կարելի է վերլուծել՝ ապահովագրական ընկերությունը բավարար ֆինանսական միջոցներ ունի այս գործընթացին մասնակցելու համար»,- նշեց Արամյանը:




























