Հայաստանում ավիատոմսերի գները թանկ են եւ դա ունի մի քանի պատճառ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում, «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, առաջին պատճառը օդի հարկն է, որը ունի Հայաստանը եւ չունի Վրաստանը. «Դրսում 7 մլն հայրենակից ունեցող երկրի համար դա անթույլատրելի է եւ ժամանակն է հանել այդ հարկը: Երկրորդը ավիավառելիքի գներն են. Հայաստանում այն կազմում է 900 դոլար, Ռուսաստանում՝ 500 դոլար, 200 դոլար՝ Իրանում: Պետք է ճանապարհներ գտնել ավելի էժան վառելիք գնելու համար, որովհետեւ բաց երկնքի քաղաքականության հետեւանքով միանգամից մի քանի ընկերություններ մտան հայկական շուկա եւ դեմպինգի միջոցով դուրս մղեցին մեր ավիաընկերություններից, նաեւ եվրոպական մի շարք ավիաընկերությունների: Երրորդ, «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն են, որոնք պետք է վերանայել: Պետք է այս ուղղությամբ մտածել, նաեւ սեփական ավիափոխադրող ունենալու մասին մտածել»,-ասաց Արամ Սարգսյանը:
Ի պատասխան հնչած հարցադրումների, ՀՀ փոխվարչապետ վաչե Գաբրիելյանն ասաց. «Այո, օդի հարկը ակնհայտ երեւում է գներում, սակայն եթե մենք նայում ենք քաղաքականության տեսանկյունից, Գյումրին ազատված է օդի հարկից: Անգամ օդի հարկի պարագայում, դեպի Մոսկվա թռիչքները մոտ 20 դոլարով էժան են, քան Թբիլիսիից Մոսկվա: Նշանակում է, որ օդի հարկը որոշիչ դեր չունի»:
Արամ Սարգսյանը հակադարձեց, որ չի կարող որոշիչ դեր չունենալ. «Եթե 20 տոկոսով էժան է ավիատոմսը, թող ոչ թե 20 դոլար էժան լինի, այլ 40 դոլար, այդ օդի հարկով ի՞նչ եք լրացնում»:
Վաչե Գաբրիելայնն առաջարկեց այդ հարցը բարձրացնել բյուջեի քննարկումների ժամանակ:
«Վառելիքի գնի տեսակետից, Հայաստանը գնում է վառելիքը մի քանի աղբյուրից, այդ թվում Իրանից, Ռումինիայից: Այն վառելիքը, որ գնում է, չի արտադրվում Ռուսաստանից: Վառելիքի գնի տեսանկյունից տարբերությունը կազմում են միայն տրանսպորտային ծախսերը, որոնք հնարավոր չէ չեղարկել»,-ընդգծեց Գաբրիելյանը:




























