Հայաստանը ավիավառելիք է գնում նաեւ Իրանից՝ սահմանափակ քանակությամբ, որեւէ սահմանափակում նրանց կողմից չկա, հնարավորության սահմաններում դա իրականացվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում, «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, մասնավորապես, նշեց, որ փաստն այն է, որ ՀՀ շատ քաղաքացիներ նախընտրում են նստել տաքսի, գնալ Թբիլիսի եւ այնտեղից օդանավով մեկնել այլ երկրներ: Նա նաեւ նկատեց, որ ավիավառելիքի գինը Իրանում 200 դոլար է, Ռուսաստանում 500 դոլար, իսկ հայաստանում 900 դոլար. «Ինչու հայաստանը չի կարող Իրանից այնքան վառելիք գնել, որ այն մրցակցային լինի Ռուսաստանի գներին»:
Վաչե Գաբրիելյանը ավիատոմսերի գների հետ կապված նշեց, որ օրինակ, «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա թռչում է 17 հազար դրամով. «Կարող եք այսօր գրանցվել: Դա մրցակցային գին է, եւ այդ գնի պայմաններում այդ ուղղությունն օգտագործելու դեպքում, Թբիլիսի չեն գնում»:
Նրա խոսքով, ավիատոմսերի գները ունեն անկման եւ մրցկացային բնույթ. «Եթե նայեք վերջին տարիներին գները, կտեսնեք, որ դրանք չեն ավելացել, իսկ թռիքչքների քանակն ավելացել է»:
«Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանը հարց ուղղեց Վաչե Գաբրիելյանին. «Եթե, ինչպես դուք եք նշում, օդի հարկը չի խանգարում գներին, վառելիքը ձեռք է բերվում տարբեր աղբյուրներից, «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն էլ ճկուն են: Այդ դեպքում ձեզ հետաքրքիր չի՞, թե ինչու են ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում Թբիլիսիից թռչել», ինչին փոխվարչապետը պատասխանեց. «Մարդիկ նախընտրում են թռչել Թբիլիսիով միայն այն դեպքում, երբ թռչում են Թուրքիա, կամ թռչում են ուղղություններով, որոնք առավել էժան կերպով սպասարկում են թուրքական ընկերությունները, մասնավորապես «Պեգասուս» ընկերությունը, որը դոմինանտ է վրացական շուկայում»:




























