«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի համար դատարան «Շտապօգնություն» է հրավիրվել:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ անցկացվող նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանը խնդրեց իրեն ազատել դատական նիստերին ներկա լինելուց: Նա պարզաբանեց, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է արյան բարձր ճնշումով եւ նիստին ներկա գտնվել չի կարող:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը՝ որոշելով նաեւ «Շտապօգնություն» հրավիրել:

Դատական նիստը շարունակվում է: Եղնուկյանի պաշտպանը նիստերի դահլիճում է:

Նշենք, որ արդեն 3-րդ նիստն է՝ Կարո Եղնուկյանն առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողանում մասնակցել դատական նիստի: Նախորդ անգամ՝ նոյեմբերի 9-ին, դատարանը նույնիսկ որոշում կայացրեց նիստը հետաձգել այդ հիմքով: