Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող համայնքներն ավելի շատ դոտացիա պետք է ստանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարի խոսքով, ամեն տարի Կառավարությունը 50 մլրդ դրամ է հատկացնում համայնքներին, սակայն, արդյունքները չի ֆիքսում, դա նշանակում է, որ գումար տրամադրելու մոտեցումն անհրաժեշտ է փոխել:

«Մենք դրել ենք բազմագործոն դոտացիաների տրամաբանությունը, որի արդյունքում 0-ից մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող համայնքներին ավելի շատ դոտացիա պետք է տանք, որովհետեւ նրանք իրականացնելու ավելի շատ խնդիր ունեն»,- Դավիթ Լոքյանը:

Պետական բյուջեի միջոցների ուղղվածությունը, ըստ նախարարի, այսուհետեւ իրականացվելու է համայնքի տարեկան զարգացման ծրագրով: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո բոլոր համայնքներից պահանջել է զարգացման ծրագրեր, որոնց հիման վրա էլ կարվի աջակցություն պետությունից:

«Համայնքը պետք է իր սեփական միջոցով մասնակից լինի այդ ծրագրերի իրականացմանը, այդ դեպքում արդեն պետությունից գումար կստանա: Օրինակ, կունենա 100 մլն դրամ, մենք այդ գումարը կավելացնենք, որ այդ համայնքը ծրագրային որեւէ քայլ կատարի»,- ասաց նա: