SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Rolling Stone-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ իրեն այնքան էլ լավ չի զգում դերասանուհի Էմբեր Հերդից բաժանվելուց հետո, փոխանցում է Lenta-ն:

Լրագրող Նիլ Շտրաուսը հոդված է պատրաստել Մասկի տեսակետների եւ ծրագրերի մասին: Երբ Շտրաուսը հարցրել է Tesla Model 3 նոր էլեկտրամոբիլի մասին, Մասկը երկար ընդհատումից հետո ասել է, որ ապրումների մեջ է սիրելի կնոջից բաժանվելուց հետո: «Ես իրականում սիրահարված էի եւ մեծ ցավ եմ ապրում: Եթե անկեղծ լինենք, ապա ավելի շուտ նա է ինձնից բաժանվել, ոչ թե ես իրենից»,- ասել է նա:

Դրանից հետո բիզնեսմենը լրագրողից խորհուրդ է հարցրել՝ արժի նոր հարաբերություններ սկսել: Շտրաուսը պատասխանել է, որ նախ խելամիտ կլինի հասկանալ այն պատճառները, թե ինչու գրող Ժասթին Մասկի հետ հարաբերությունները, դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ ամուսնությունը եւ Էմբեր Հերդի հետ հարաբերությունները բաժանմամբ ավարտվեցին:

Մասկը գլուխը տարուբերել է եւ ասել, որ չի կարող երջանիկ լինել առանց երկարատեւ լուրջ հարաբերությունների: «Ինձ սպանում է այն, որ մենակ եմ քնում: Ես հրաշալի գիտեմ, թե դա ինչ է՝ լինել մեծ դատարկ տանը, լսել սեփական քայլերիդ արձագանքը, պառկել մահճակալին, իսկ կողքիդ ոչ մեկը չկա»,- ասել է Մասկը:

Իլոն Մասկը համարվում PayPal վճարային էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը: Նրա Tesla եւ SpaceX ընկերությունները ներկայումս զբաղվում են էլեկտրամոբիլների արտադրությամբ եւ տիեզերական հրթիռների մշակմամբ: