«Սասնա ծռեր» զինված խմբի 11 անդամի գործով պաշտպաններն այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպաններից Գրիշա Բալասանյանը, միջնորդությունը ներկայացնելիս, նշել էր, որ Արտուշ Գաբրիելյանը ցույց է տվել իր ոչ անաչառությունը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ:

«Առաջին անգամ եմ տեսնում, որ դատավորը դիրքորոշում արտահայտի գործը չավարտված կամ  դատաքննության ընթացքում: Իմ պրակտիկայում նման դեպք չի եղել»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանն այդ հարցազրույցում նախորդ չորս ամիսներին հետաձգման մեղքը բարդել էր փաստաբանների վրա: Գրիշա Բալասանյանի միջնորդությանը միացան մյուս պաշտպանները: Նրանցից Անուշ Մխիթարյանը հիշեցրեց դատարանին, որ նախորդ նիստերին չէին կարողանում ներկայանալ, քանի որ դատական կարգադրիչները խուզարկում էին իրենց եւ արգելում իրենց պաշտպանյալների համար անհրաժեշտ իրերով մտնել դատարանի շենք:

Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանն էլ հայտարարեց. «Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք»:

Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը:

Դատական նիստը շարունակվում է: