ՄԻՊ-ը ուսումնասիրում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպը:
Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում:
Հարցը քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ եւ հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաեւ դպրոցի տնօրինության հետ:
Այս դեպքի, ինչպես նաեւ նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, լրատվամիջոցներում դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:
Հորդորում ենք լրագրողներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր եւ ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:
Երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս պետք է խստորեն ղեկավարվել այդ ոլորտի հատուկ պահանջներով, մշտապես ներկայացնել ստուգված եւ օբյեկտիվ տեղեկություն՝ հաշվի առնելով երեխայի եւ նրա ընտանիքի անդամների մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Երեխային առնչվող անձնական տվյալներ հրապարակել կարելի է, եթե առկա է մինչեւ 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի կամ 16-18 տարեկան երեխայի համաձայնությունը: Պետք է խուսափել երեխաների լուսանկարների հրապարակումից կամ նրանց այլ կերպ նույնականացնելուց, բացառությամբ, եթե այն խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար եւ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:
Առանձին դեպքերում, ելնելով երեխայի շահի առաջնահերթությունից, պետք է զերծ մնալ այդպիսի տվյալներ հրապարակելուց՝ անգամ համաձայնության առկայության դեպքում:
Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ մասնավոր եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալի հրապարակումը կարող է խաթարել այդ միջավայրը: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են դեպքեր, երբ ծնողը ստիպված է եղել փոխել երեխայի կրթական հաստատությունը հանրային քննարկման բացասական հետեւանքների պատճառով:
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտին առնչվող դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին դասարանցու մայրը պատմել էր, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր 7-ամյա որդու ձեռքերը սկոտչով կապել են, զուգարանում ծեծել ու կտրել թարթիչները:




























