«Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն ու դրան նախորդած փաստաթղթերը` Մայդորֆյան հռչակագիր, մադրիդյան սկզբունքները, մի բան են նշանակում. Հայաստանի դիվանագիտական լիարժեք պարտություն»,- այսօր հայ-թուրքական ոլորտում զարգացումներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը: Նա կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական այս արձանագրությունները կյանքի կոչելով Արեւմուտքն ուզում է իր վերահսկողության տակ վերցնել Կովկասը: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս անվտանգության մեկ համակարգից եւ դեռ չգիտի, թե որում է ընդգրկվելու հետո:
«Ի՞նչ է ստանալու Հայաստանը փոխելով իր անվտանգության համակարգը»,- հռետորական հարց ուղղեց նա ու ինքն էլ պատասխանեց. «Հայերը միշտ տուժել են, երբ փոխել են իրենց կողմնորոշումը»:
«Եթե այս ամենի արդյունքում պետք է ռուսական զորքերը Հայաստանից դուրս գան, ապա Թուրքիայից էլ պետք է ՆԱՏՕ-ի զորքերը դուրս գան, Եթե Ղարաբաղից պետք է հայկական զորքերը դուրս գան, ես էլ պնդում եմ, որ պետք է Կիպրոսից թուրքական 40 հազարանոց զորքերը դուրս գան: Եթե երկու երկրներ իրար հետ հարաբերություններ են ստեղծում, պայմանագիրը կնքվում է հայելային սկզբունքով. Այսինքն դու ինձ ես պայման դնում, ես` քեզ եւ դրանք պետք է համարժեք լինեն»,- ասաց Վ. Շիրխանյան:




























