Հայաստան-ԵՄ համաձայնագիրը արդարացիորեն համարվում է բարեփոխումների միջոցով Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արտաքին եւ անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար. «Չկա մի ոլորտ, որտեղ Հայաստանի եւ ԵՄ-ի փոխադարձ պարտավորությունները ավելացրած եւ թարմացրած չլինեն», - նկատեց նա՝ հացելելով, որ սա Հայաստանի հասարակության համար լինելու է բռնելու տեղ՝ հիշեցնելու ՀՀ իշխանություններին ստանձնած պարտավորությունների մասին»:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդրին, քաղաքագետը նշեց, որ հատկապես ապրիլյան պատերազմից, միջազգային հարթակներում ադրբեջանական նախաձեռնությունների բնույթը տեսնելուց հետո ոչ պակաս կարոր է դառնում, որ ԵՄ-ն ի դեմս իր անդամ 28 երկրների պետք է համաձայնեցնի ղարաբաղյան հարցի շուրջ իր քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ, տարբեր երկրների կողմից մանեւրներ ու շեղումներ այլ երկրների կողմից:
«Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց ստորագրման կապակցությամբ վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձեւակերպումներ տալու: Ես հույս ունեմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիեւին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ պարզապես տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիեւի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»,- շեշտեց նա:
Ստյոպա Սաֆարյանի ներկայացմամբ, ներկայիս մտահոգիչ իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն եւ հայատյաց քաղաքականություն է վարում, եվրոպական հարթակի հետ նման խնդիրների հարցում հստակ համաձայնությունների եւ պայմանավորվածությունների գալը կարեւոր է. «Վստահ եմ, որ վաղը հռչակագրում չի տրվի այնպիսի ձեւակերպում, որը Ալիեւի կողմից մեկնաբանվի իբրեւ իր տարածքային ամբողջականության գերակայություն եւ այն ցանկացած եղանակով վերականգնելու իրավունք տվող տեղեկանք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավարություն՝ մասնակցելու եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովներին: Ենթադրվում է, որ գագաթաժողովի շրջանակում կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը:



























