Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգի խիստ կարիք  ունի, ասել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Daily Sabah-ը։

Իտալացի իր գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ Հռոմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Թուրքիան պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր օդային տարածքը՝ նկատի ունենալով ռուսական  Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը։

«Վերջին ժամանակներս ՆԱՏՕ-ում մեր որոշ դաշնակիցներ լուրջ դիմադրում են Թուրքիային պաշտպանական համակարգեր, այդ թվում՝ հասարակ զենք տրամադրելուն։ Մենք պետք է ՀՕՊ համակարգ ստեղծենք, բայց ես չեմ կարող այն գնել իմ դաշնակիցներից։ Այդ պատճառով ես գնում եմ ուրիշից, քանի որ ես դրա խիստ կարիքն ունեմ»,- ասել է Չավուշօղլուն։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները պահանջում էին բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հենց որ մենք բարելավեցինք, նույն այդ նախարարները սկսեցին քննադատե՞լ մեզ՝ մեղադրելով այն բանում, որ մենք մերձեցել ենք Ռուսաստանի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։