Պեկինի մանկապարտեզներից մեկի 8 երեխաներ տուժել են դաստիարակների կողմից դաժան վերաբերմունքի հետեւանքով, հայտնում է BBC News-ը:
Ծնողների խոսքով՝ իրենց երեխաների մարմնի տարբեր մասերին ասեղների հետքեր են հայտնաբերել: Հայտնի է դարձել նաեւ, որ երեխաներին հաբեր են տվել եւ անհայտ ծագմամբ օշարակներ: «Չենթարկվող սաներին ստիպել են մերկ կանգնել կամ փակել են մանկապարտեզի մութ սենյակում»,- ասել է ծնողներից մեկը: Նա չի բացառել, որ երեխաները կարող էին դառնալ նաեւ սեռական բռնության զոհ:
Չինական Caixin պարբերականը հայտնել է, որ տուժած երեխաները եղել են 2-ից մինչեւ 6 տարեկան: Երեխաներին ծաղրի ենթարկելու մեջ կասկածվող դաստիարակներն աշխատանքից հեռացվել են:
Պեկինի քաղաքապետարանի կրթության հանձնաժողովից հայտնել են, որ քաղաքի բոլոր նախակրթարաններում համալիր ստուգումներ են սկսել: Քննությանը միացել է նաեւ ոստիկանությունը:



























