Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում նշել է Բրյուսելում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:

«Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից: Մյուսները պարզապես գեղեցիկ խոսքեր են ստանում, բայց դուք իրականում ինչ-որ կոնկրետ բան եք ստանում՝ այն, ինչ պետք է ստանայիք դեռ 2013 թվականին Վիլնյուսում, բայց գեղեցիկ բաները բացակայում են այստեղից: Դուք մխիթարական մրցանակ եք ստանում՝ սա, իհարկե, ավելի թեթեւ տարբերակն է», - ասել է Յոզվիակը:

Միաժամանակ, նա նշեց, որ «սա լավ ուղու մեջ է գցում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»: «Իհարկե, դուք կստանաք եվրոպական գումարներ, փորձառությունը, շատ լավ է իհարկե դա, եւ քաղաքականության առումով ավելի կմտերմանաք, բայց ինչպես ասել եմ նախկինում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նման նույն հարաբերությունները չեք ստանա, եւ դա է հիմնական խնդիրը», - ասաց Յոզվիակը:

Հարցին՝ որքա՞ն կտեւի, մինչեւ Հայաստանը սկսի Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, նա պատասխանեց․ - «Կարծում եմ, այդ երկխոսությունը կսկսվի հաջորդ տարի, բայց եւս կես տարի կտեւի կամ ավելի, եւ դուք գործողությունների պլան կստանաք, որը պետք է կատարեք, եւ դա կարող է երկու-երեք-չորս տարի տեւել, հետո նոր կսկսեն վիզաների ազատականացման այդ գործընթացը: Չեմ կարող ինչ-որ թվեր ասել, բայց վիզաների ազատականացում հավանաբար երկու-երեք տարվա ընթացքում չեք ստանա»:

Հարցին էլ՝ իսկ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի առումով ինչ-որ ինտրիգներ կա՞ն, «Ազատության» բրյուսելյան թղթակիցը արձագանքեց․ - «Այո, ինտրիգները պահպանվում են, բայց կարծում եմ դեռ ոչինչ չի փոխվել: Կարծում եմ, որ Ռիգայի սցենարըչի կրկնվի, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ցույց տվեցին իրենց տարաձայնությունները: Կարծում եմ՝ մեծ անակնկալներ չեն լինի այստեղ»:

Յոզվիակը հիշեցրեց՝ նախօրեին իր հետ զրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ հռչակագիրը չի արգելափակվի: «Նա կարծում է, որ Արեւելյան գործընկերությունը այն հարթակը չէ, որ այդ հարցերը պետք է քննարկվեն: Տեսնենք», - ամփոփեց «Ազատության» բրյուսելյան թղթակիցը:

Հիշեցնենք՝ «Ազատության» բրյուսելյան թղթակիցը հաղորդեց, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում. Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձեւակերպումների շուրջ։