Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասի համար ԵՄ–ն բարեկեցության խորհրդանիշ է։ Դա ժողովրդավարության, լավ կառավարման եւ խաղաղության երաշխիք է։ Ով ուզում է մոտ լինել այդ երաշխիքին, պարտավորվում է իր երկրում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել եւ դրա դիմաց ստանում է մի փոքր ԵՄ, բայց միայն մի փոքր։ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը հենց այդ մերձեցումն է, սակայն մերձեցում, այլ ոչ թե անդամակցում։ Այս մասին գրում է ZDF-ի սյունակագիրը անդրադառնալով Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին։

«Սա արդեն 6 հետխորհրդային երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի ղեկավարների թվով 28-րդ հանդիպումն է, բայց առաջընթացը բավականին համեստ է։ Երկու կողմերին էլ պակասում են ամբիցիաները»,– գրում է հեղինակը։

Բարդ գործընկերներ

Արեւելյան գործընկերներ, 6 երկիր՝ մեկը մյուսից տարբեր։ Ուկրաինան՝ իր արեւելյան հատվածներում Ռուսաստանի հետ կոնֆլիկտով, Վրաստանը, որը նույնպես Ռուսաստանի հետ սառեցված հակամարտության մեջ է, Բելառուսը, որին ղեկին Եվրոպայի վերջին բռնապետն է, Մոլդովան՝ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ պառակտված Եվրոպայի աղքատը, եւ կովկասյան երկրներ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են։

Եվ մյուս կողմը՝ Եվրոպան, որը 2.5 տարի քիչ թե շատ ինքն իրենով էր զբաղված։ Հունաստանի ճգնաժամը, փախստականների հարցը, «Բրեքզիթը». այս հարցերով զբաղվելուց հետո Եվրոպան հիշեց արեւելյան հարեւաններին, ինչը պատահական չէ։ Բալթյան երկրների ու Լեհաստանի համար Եվրոպայի արեւելյան սահմանները շատ կարեւոր են եւ նրանք մտահոգ են այդ տարածքներում Ռուսաստանի ազդեցության աճից։

ԵՄ–ն նույնպես ուզում է կանխել դա։ Այն փաստը, որ գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, պետք է նշան լինի, որ բոլոր անդամ երկրները շահագրգռված են Արեւելյան գործընկերության հարցում։ Նաեւ այդ պատճառով նախօրեն ԵՄ ԱԳ ծառայությունը փաստաթուղթ էր տարածել «Արեւելյան գործընկերության» մասին տարածված հիմնական 3 միֆերը ցրելու համար։ «Այդ համաձայնագիրը չի նշանակում ավտոմատ կերպով ԵՄ անդամակցություն։ Համաձայնագիրը այդ երկրներում ապակայունություն տարածելու որեւէ միտում չունի եւ այն այդ երկրների կամքին հակառակ չի պարտադրվում»,– եզրափակում է հեղինակը։