Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, շատ կարեւոր է եւ համապատասխանում է իրականությանը: Այս մասին, այսօր՝ նայոմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը թունավորել են գաղափարներով, թե իրենք Ղարաբաղի հարցում պատրաստ են համաձայնել միայն այն սկզբունքներին, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմին, եւ հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու շահերը:

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել, որովհետեւ նրանք անգամ չեն էլ պատկերացնում, որ Ադրբեջանի սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում այդ խնդրի լուծումը տեսնում են բացառապես բոլոր սկզբունքների համալիր կիրառմամբ»,-ընդգծել է Մինասյանը՝ հավելելով, որ շատ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանում կհայտնվի որեւէ հնարավորություն, որը թույլ կտա համոզել ադրբեջանական հասարակությանը, որ երկար տարիներ իրենց տրված խոստումները չեն համապատասխանում իրականությանը: