ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր` նոյեմբերի 25-ին, կդառնար 60 տարեկան: Լրագրողների հետ հանդիպմանը Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ տնօրեն Ալեք Ենիգոմշյանը հերոսի կյանքի եւ գործունեության մասին մանրամասներ ներկայացրեց: Նրա խոսքով, Մոնթե Մելքոնյանի հայրենասիրությունը գավառական չէր, բացառապես հող ազատագրելու հայրենասիրություն չէր, այլ հայրենասիրություն էր, որն ապահովելու էր հայ մարդու ինքնորոշումն ու ստեղծագործ գործունեությունն իր պապական հողի վրա: Ալեք Ենիգոմշյանի խոսքով, այսօրվա իրականությունը հեռու է Մոնթե Մելքոնյանի երազած հայրենիքից, սակայն, նա իր պայքարով եւ Սփյուռքում, եւ Հայաստանում ապրող հայ մարդու մոտ պայքարելու ուժ է ծնել:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով, բազմակողմանի, հարուստ միտք ու ներաշխարհ ուներ Մոնթե Մելքոնյանը, նա իր օրինակով ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը. «Նա մեզ ցույց տվեց` ինչպես պետք է հայ մարդն ապրի` հայ մարդու համար արժանի կյանքով: Նա հայ ժողովրդի նկատմամբ անարդարություններն ուղղելու համար պայքար է տարել, տարիներ շարունակ հայ ժողովրդի ներսում տիրող անարդարության դեմ պայքարել»:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով, եթե արժեւորում ենք Մոնթեին, պետք է նրա գործը շարունակվի, ոչ թե նրան «հերոս» կոչելով դիվիդենտներ շահել. «Իսկ այսօր Հայաստանը այլ վիճակում է, տեսնում ենք` արտագաղթի աստիճանը, որն Հայաստանի ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է»:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականին՝ ԱՄՆ-ում, Եղեռնի ճիրաններից փրկված եւ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:
1991-ին սեպտեմբերին Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ մեկնել է Հյուսիսային Արցախ: Նա արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման:



























