Եգիպտոսի քրեական դատարանը նոյեմբերի 25-ին հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը հանցակցած  յոթ ամբաստանյալների ավելի վաղ կայացված մահվան դատավճիռը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կահիրեի դատական ատյանի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ «երկրի գերագույն մուֆթիի մահապատժի մասին ավելի վաղ կայացված վճռի հաստատումից հետո դատարանը յոթ ամբաստանյալների նկատմամբ կայացրած իր վճիռը հաստատել է»:

Նույն գործով, որը հայտնի է որպես «ԻՊ Մատրուխ բնակավայրի բջջի գործ», եւս 10 ամբաստանյալի ցմահ ազատազրկման են դատապարտել:

Բոլոր դատապարտյալներին մեղադրանք է առաջադրվել  եգիպտական Մատրուխ բնակավայրում, որը գտնվում է երկրի հյուսիսում՝ Լիբիայի սահմանին, էքստրեմիստական բջջի ստեղծման եւ ԻՊ խմբավորման լիբիական ստորաբաժանման հետ կապերի համար:

Հետաքննությամբ ապացուցվել է, որ  մահապատժի դատապարտված 7-ից 2-ը մասնակցել է 2015-ին Լիբիայի զինյալների կողմից իրականացված եգիպտացի 21 քրիստոնյա  ղպտիների դատաստանին:

Համաձայն Եգիպտոսում գործող օրենսդրության՝ մահապատժի մասին քրեական դատարանի ցանկացած որոշում պետք է ուղարկվի հանրապետության գերագույն մուֆթիի վերանայմանը, որը կարող է ինչպես հաստատել, այդպես էլ մերժել դատարանի որոշումը: Սակայն Եգիպտոսի հոգեւոր պաշտոնական բարձրագույն դեմքի վճիռը պարտադիր չէ երկրի դատական կառույցների կատարման համար: