Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Սինայի հյուսիսում գտնվող Էր Ռոուդի մզկիթի վրա հարձակված ահաբեկիչների ձեռքին  «Իսլամական պետություն» խմբավորման դրոշն է եղել, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՄԵՆԱ պետական տեղեկատվական գործակալությանը:

Հաղորդվում է, որ հարձակվողները 25-30 հոգի են եղել: Նրանք հինգ մեքենաներով մոտեցել են մզկիթին, հագին ունեցել են զինվորական համազգեստի նման հագուստ: Զինյալները դիրքավորվել են մզկիթի շուրջ՝ նաեւ դռների ու լուսամուտների մոտ եւ ինքնաձիգներից կրակ են բացել աղոթող մարդկանց ուղղությամբ:

Նոյեմբերի 24-ին՝ Սինայի հյուսիսում Ալ Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվող Էր Ռոուդի մզկիթում աղոթքի ժամանակ ահաբեկիչները ռումբ են պայթեցրել, իսկ հետո սկսել են կրակել մզկիթից դուրս փախչող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ զոհվել  է 305 մարդ, որից 27-ը երեխաներ, եւս 128 մարդ վիրավորվել է: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված: