«Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակության գործով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված 34 ամյա Մարատ Գալստյանի տնից որեւէ զենք չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը` պնդելով որ իր պաշտպանյալի տանից միայն խաղալիք ատրճանակ են հայտնաբերել:

«Ոստիկանության տեսանյութում, որ նայեք, անզեն աչքով էլ կտեսնեք, որ այնտեղ իրական զենք չէ, այլ միայն երեխայի պլաստմասե ատրճանակն է»,-ասաց նա:

Մարատ Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել, թե գործի հետ առնչություն չունի եւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Նշենք, որ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակության գործով ավազկային հարձակում կատարելու կասկածանքով Աշտարակի բնակիչ 29-ամյա Պյոտր Ցիգանկովին իրավապահ մարմինները շարունակում են որոնել:  Գործով կալանավորվել է 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34 ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական հաշվարկներով, հափշտակվել է տարբեր արժույթի մոտ 95.750.000 դրամին համարժեք (շուրջ 200 հազար դոլար) կանխիկ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով: