ԵՄ–ն խոստացել է ռուսական ազդեցության հակադրման շրջանակում խորացնել կապերը 6 նախկին խորհրդային պետությունների հետ, սակայն նախազգուշացրել է, որ այդ երկրները մոտ ժամնակներս ԵՄ անդամակցության շանսեր չունեն։ Այս մասին ասված է AFP գործակալության հոդվածում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին։

ԵՄ երկրների առաջնորդները Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ համաձայնեցրել են 20 կետից բաղկացած փաթեթը, որպեսզի օգնեն նրանց պայքարել կաշառակերության դեմ, բարելավեն օրենքի գերակայության դիրքերը եւ արդիականացնեն տնտեսությունը։ «Բրյուսելը պնդում է, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ որեւէ երկրի դեմ, եւ համատեղ հռչակագիրը հստակորեն խուսափում է Ռուսաստանին հիշատակելուց»,- ասված է հոդվածում։

Սակայն հեղինակները նշում են, որ Եվրոպայում մտահոգություններ ունեն, որ Կրեմլը  կօգտագործի կիբերմարտավարությունն ու ապատեղեկատվությունը, որպեսզի քաղաքական ապակայունություն ստեղծի եւ նախկին խորհրդային պետություններին իր գրկում պահի։

Ժամանելով գագաթնաժողովին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրեց, որ «Եվրոպան պետք է զգույշ լինի թշնամական պետությունների գործողություններից, ինչպիսին Ռուսաստանն է, որոնք փորձում են սասանել մեր հավաքական ուժը»։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես դատապարտել  է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում եւ զգոնության  կոչ արել։ «Մենք պետք է շատ զգույշ լինենք, զգոն եւ ազնիվ, եթե մենք ուզում ենք պաշտպանել մեզ, օգնել մեր գործընկերներին, մենք պետք է առաջին հերթին գիտակցենք ԵՄ ներսում սպառնալիքները»։

Հոդվածում ասվում է, որ Մոլդովան եւ Ուկրաինան պնդում են, որ առանց գոնե ԵՄ-ին տեսականորեն անդամակցելու մասին հստակ ազդակների, իրենց բնակչությունը կարող է երես թեքել Եվրոպայից եւ գնալ Բելառուսի ճանապարհով, որը հիմա ռուսական ուղեծրում է։

Սակայն հեղինակները նշում  են, որ ԵՄ-ն ցանկություն չունի ընդլայնվել դեպի արեւելք,  հատկապես այն բանից հետո, երբ հոլանդացի ընտրողները 2016-ի ապրիլի հանրաքվեով հրաժարվեցին Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի առաջին փորձից։

Հեղինակները  նաեւ նշում են, որ գագաթնաժողովի օրակարգում չի եղել Ուկրաինայում պատերազմի հարցը, ինպես նաեւ ոչինչ չի ասվել ղարաբաղյան հակամարտության մասին, որը «նախորդ տարի գրեթե լիամասշտաբ պատերազմի էր վերածվել»։ Դրա փոխարեն ԵՄ-ն կոչ է արել վերականգնել ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, ինչը կտրուկ տարբերվում է 2015-ի հայտարարության ոճից, երբ ԵՄ-ն կտրուկ քննադատել էր Ղրիմի միացումը Ռուսաստանին։