Ծակած-կտրած վնասվածքներով այսօր` նոյեմբերի 26-ին, «Աստղիկ» ԲԿ տեղափոխված 4 երիտասարդները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Նրա խոսքով` երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք արդեն ի վիճակի են հաղորդում տալու:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղ եւ ինչ պայմաններում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել։