Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխաններն արդեն երկու ամսից ավելի է չեն ստացվում: NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ իրեն պատասխանել են, որ փորձագիտական բյուրոները ծանրաբեռնված են եւ այդ պատճառով փորձաքննության պատասխաններն ուշանում են:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է, սակայն, հոգեբանական ծանր վիճակում է:

Արդյոք Ռուզաննա Մկրտչյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Նաիրա Պետրոսյանը չպատասխանեց՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին:

Ռուզաննա Մկրտչյանը որոշ ժամանակ գտնվում էր «Նուբարաշենի» հոգեբուժարանում, որտեղից նա տեղափոխվել է  «Աբովյան» ՔԿՀ:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: