Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:

Քննարկվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին հարաբերությունների, զբոսաշրջության եւ տեղեկատվական ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Նիստին մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Ներկայացնելով  արտաքին գործերի նախարարության  2018թ.-ի բյուջեն՝ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ այն կկազմի 786մլն 590 հազ դրամ: Նախարարի խոսքով՝ աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ պայմանավորված է Արցախի Հանրապետության օտարերկյա ներկայացուցչությունների ֆինանսավորման համար նախատեսված գումարի փոխարժեքի տատանումներով:

Պատգամավորները Մասիս Մայիլյանից ստացել են պարզաբանումներ՝ կապված  արտաքին տնտեսական բնագավառում տարվող աշխատանքներին, միջազգային կառույցների հետ աշխատող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանն ու համագործակցության հեռանկարներին:

Զբոսաշրջության ոլորտի ծախսը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, 2018թ.-ին կկազմի 25մլն դրամ:

Սերգեյ Շաhվերդյանը պատասխանել է նաեւ պատգամավորների առաջադրած՝ Արցախը հայաստանյան մեդիադաշտում գովազդելու փորձերի եւ բյուջեի նախագծով նախատեսված որոշ դրույթների վերաբերյալ հարցերին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը,  ներկայացնելով  խորհրդի 2018թ.-ի  ծախսը, նշել է, որ այն կկազմի 387մլն 344 հազ դրամ: Խորհրդի նախագահի խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ կբարելավվի տեսանյութերի որակը:

Նորեկ Գասպարյանն անդրադարձել է եթերային ժամի ավելացմանը, կայքում լուրերի թողարկման համաժամանակյա հեռարձակմանը եւ ռեյտինգային ծրագրերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ թերթի պահպանման ծախսը գալիք տարի նախատեսված է 93մլն 929 հազ դրամ:

Խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի բաժանորդագրության վերաբերյալ խորհրդարանականների հարցերին:

Բյուջեի հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաեւ նոյեմբերի 28-ին՝  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: