Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ մեկ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելիս հայտնաբերված հնագույն իրեր պարունակող հորերի պահպանության համար Մշակույթի նախարարությունը դիմել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ առաջարկելով կառուցվող նոր կորպուսը տեղափոխել կամ կառուցելիս մուտք ապահովել դեպի այդ հորեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ պատասխան չի ստացվել:
Նրա փոխանցմամբ, դիմել են նաեւ Հնագիտության ազգային ինստիտուտ՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ մեկ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելիս շինարարները հայտնաբերել էին վաղ շրջանի հնածո իրեր: Արդյունքում, ժամանակավորապես դադարեցվել են շինարարական աշխատանքները:
Տարածքային զարգացման հիմնադրամը գրավոր դիմել է Մշակույթի նախարարությանը, որպեսզի, պատկան մարմինը, համաձայն կատարված եզրակացության, համապատասխան որոշումներ կայացնի հետագա աշխատանքների բնականոն ընթացքի վերաբերյալ։




























