Հիվանդի մահվան մեջ մեղադրվող` Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի արդեն նախկին վարիչ Ցոլակ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արուսյակ Աթանեսյանը:

«Իմ պաշտպանյալի առողջական վիճակն ավելի վատթարացավ, երբ նրան աշխատանքից ազատեցին»,- ասաց Արուսյակ Աթանեսյանը:

Ցոլակ Խաչատրյանը 85 տարեկան է, սակայն, մինչեւ այս գործի՝ դատարան ուղարկվելն աշխատում էր հիվանդանոցում, ծննդաբերական բաժանմունքի վարիչն էր: Մեր տեղեկություններով, նա աշխատանքից ազատվել է հենց այս քրեական գործի հետ կապված:

Նշենք, որ երիտասարդ կնոջ մահվան գործը դատարան էր ուղարկվել շուրջ 1 տարի առաջ: Այս ամիսներին դեռեւս դատարանը չի ավարտել նույնիսկ վկաների հարցաքննության փուլը:

Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:

Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ցոլակ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: