Նախկինի պես միրգ-բանջարեղեն ներմուծելիս մինչեւ 50կգ-ը չի մաքսազերծվում, բայց հավաստագիրը պարտադիր է: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններ են տարածել հանրապետություն մրգեր եւ բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ, հետեւաբար Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ, ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների եւ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի եւ մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առեւտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման:
Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի եւ մրգերի միայն մինչեւ 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչեւ 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության եւ դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղեւորային հայտարարագիր:
Հետեւաբար ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով, եւ տրամաբանական չէ կոմիտեին վերագրել գործառույթներ, որոնց հետ նա առնչություն չունի:




























