«Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հավաքված քիչ գումարը սառը ցնցուղ պետք է լինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Հայելի» մամուլի ակումբում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով, որ պետք է ապահովել փոխանցված գումարների ծախսման թափանցիկություն։
Նրա խոսքով, կան հիմնավոր կասկածներ, որ հիմնադրամը գումարները արդյունավետ չի ծախսվում։ «Նրանց խնդիրը պետք է լինի իրենց որոշումների լայն հանրությանը հասանելի դարձնելը եւ վերջնական արդյուքների ցույց տալը։ Այսպես չի կարող շարունակվել»,-նշեց նա։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ արտերկրում ապրող հայերը եւս պետք է մասնակցեն իրենց փոխանցած գումարների կառավարմանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի ընթացքում արձանագրվել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
«Հայաստան» հիմնադրամից փոխանցմամբ՝ այդ գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ (solar power stations)։




























