2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ:
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար եւ առեւտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ:
Մասնավորապես՝
Կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հատկանիշներով հարուցված գործերով քրեական հետապնդում է իրականացվել դատարանի 1 նախագահի, 2 դատավորի, 1 դատախազի, մաքսակետի 1 պետի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության 1 պետի, նույն գործակալության տարբեր տարածային հանձնաժողովների 11 նախագահների եւ տարածային հանձնաժողովի 1 բժշկի, ՔԿՀ 2 պաշտոնատար անձանց, 2 քննիչի, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, հարկային 1 տեսուչի, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2 ծառայողի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի 2 պետի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության 2 տեսուչների նկատմամբ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական անփութության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործության հատկանիշներով հարուցված գործերով քրեական հետապնդում իրականացված անձանց թվում են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզային ստորաբաժանման 1 ղեկավար եւ ղեկավարի 1 տեղակալ, համայնքապետարանի աշխատակազմի 1 բաժնի պետ, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 1 պետ, ՀՀ ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով 1 տեղակալ, ՀՀ ոստիկանության բաժնի պետի ծառայության գծով 1 տեղակալ, 2 քննիչ, ՔԿՀ անվտանգության բաժնի 1 մասնագետ, ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննության գծով 3 տեսուչ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 պետ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 տեսուչ, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 6 տեսուչ, հարկային 1 տեսուչ, մաքսային 8 տեսուչ, ՁՊՎ 1 ոստիկան:
Առեւտրային կաշառքի, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել մասնավորապես 2 ԲՈՒՀ-ի ռեկտորի, բանկի վարչության 1 նախագահի, Հայփոստ» ՓԲԸ փոստային առաքումների տեսակավորման կենտրոնի 1 օպերատորի, 1 անկախ գնահատողի նկատմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար եւ առեւտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված վերոնշյալ անձանցից 39-ի վերաբերյալ քրեական գործերն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:




























