Չունեւոր ընտանիքների երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի դիտարկմանը, թե պետությունը պետք է այնպես անի, որպեսզի չունեւոր ընտանիքների երեխաների համար էլ արժանապատիվ կրթական ծառայություններից օգտվելու հնարավորություններ լինեն, Լեւոն Մկրտչյանն արձագանքեց. «Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ Եվրամիությունից ստացվող կրթական դրամաշնորհները մեկ ուղղությամբ չբաշխվեն, այլ ուղղվեն ամեն մարզում անհրաժեշտ կրթական ծրագրերի իրականացմանը»:
Նախարարի խոսքով, միջին մասնագիտական կրթության համակարգում անվճար կրթությունը կարողանում են լավ հիմքի վրա պահել, բայց բարձրագույն կրթության համակարգում պետությունը միայն 15-20 տոկոսով է անվճար կրթություն ապահովում, մնացածը մնում է ուսանողների վրա: «Մենք ունենք աղքատության ցուցանիշ եւ ուսումնասիրություններ ենք արել ու պարզել, որ չունեւորների միայն 7 տոկոսն է բարձրագույն կրթության համակարգում: Բայց սովորաբար լուրջ գիտնականները հենց այդ շերտից են գալիս, ուստի մենք նրանց պետք է կրթության հնարավորություն տանք»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ հիմա, երբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առանձնանում են զինվորական ծառայությունից տարկետումն ու անվճար կրթությունը, կարող են փոփոխություններ անել. «Մենք կարող ենք հասկանալ, թե ինչ մասնագիտության կարիք ունենք: Եթե ունենք ֆիզիկոսի կարիք, կարող ենք այս դաշտում ուսումնառության 70 տոկոսն անվճար դարձնել, ինչը կբերի բարձրագույն կրթության մատչելիության կտրուկ աճի»:




























