Պենտագոնը արձանագրել եւ հետեւել է Հյուսիսային Կորեայի հրթիռի մեկնարկին եւ կարծում է, որ դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գնդապետ Ռոբ Մենինգը, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ հրթիռը գործարկվել է Այն Նիից (Հյուսիսային Կորեա) եւ մոտավորապես 1000 կիլոմետր է անցել Ճապոնիական ծով ընկնելուց առաջ: Նա նշել է, որ Պենտագոնի տեղեկատվությունը հիմնված է մեկնարկի սկզբնական գնահատման վրա, ավելի մանրամասն գնահատականը մշակման գործընթացում է:
Սպիտակ տունն իր հերթին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է բալիստիկ հրթիռի արձակման մասին:
Ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը, որը մոտ 50 րոպե տեւողությամբ թռիչքից հետո, կարծես թե ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:




























