Առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետ Ազատ Բադալյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալի պաշտպան Արմեն Մարտիրոսյանը:

«Ազատ Բադալյանն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որ կաշառք է փոխանցել: Նախաքննության այս փուլում արդեն առերեսում է տեղի ունեցել իմ պաշտպանյալի եւ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի միջեւ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Անտառապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը: Նա կալանավորված է: Արմեն Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ միջնորդություն են ներկայացրել, որ գրավ կիրառվի Ազատ Բադալյանի նկատմամբ:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց  գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ եւ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:

Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի  կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: