2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն ավելացել են 15 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու եւ այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:
Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.
Առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության:
Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է եւ՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, եւ՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:
Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:
Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի չափով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանասավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից եւ սահմանադրական բարեփոխումներից:
Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաեւ ներակայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:
Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաեւ պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ: Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:




























