Սպիտակ տունը մոտակա շաբաթների ընթացքում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոյի հետ փոխարինելու ծրագիր է մշակել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի աշխատակցին:
Ծրագրի համաձայն՝ ԿՀՎ տնօրենի պաշտոնում առաջադրվելու է հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին: Թերթը գրում է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք նախագահը վերջնական հաստատում տվել է այդ ծրագրին:
Ծրագիրը մշակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին եւ քննարկել այն այլ պաշտոնյաների հետ, հաղորդում է Times-ը: Ըստ նրա ծրագրի՝ կադրային փոփոխությունները տեղի են ունենալու տարվա վերջում կամ դրանից անմիջապես հետո:




























