Պակիստանի Փեշավար քաղաքի Գյուղատնտեսական համալսարանի տարածքում 3 անհայտ անձանց հարձակման հետեւանքով առնվազն 11 մարդ է տուժել, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է Geo TV-ն:

Հայտնի է, որ դիմակավորված հարձակվողները մտել են համալսարանի տարածք եւ կրակ բացել ուսանողների վրա: Հեռուստաալիքը պնդում է, որ փողոցից լսվել են հրաձգության եւ առանձին պայթյունների ձայներ: Dawn պարբերականի տեղեկություններով՝ չարագործներին հաջողվել է մտնել ուսանողական հանրակացարան, սակայն անհայտ է, թե այդ պահին այնտեղ քանի ուսանող է եղել:

Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ բանակի ջոկատները: Ընթանում է հարձակվողներին չեզոքացնելու գործողություն: Geo TV-ի տեղեկություններով՝ ուժայիններին հաջողվել է նրանցից մեկին ոչնչացնել:

Փեշավար քաղաքի Գյուղատնտեսական համալսարանի տարածքում հարձակման պատասխանատվությունը ստանձնել են  «Թալիբան» ահաբեկչական շարժման պակիստանյան թեւի՝ «Թեհրիք ի Թալիբան Պակիստան»-ի գրոհայինները: