Վաշինգթոնում Չինաստանի եւ ԱՄՆ զինվորականները երկկողմ խորհրդակցություններ են անցկացրել Փհենյանի հերթական հրթիռային փորձարկումից հետո: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Պարբերականը հայտնել է, որ հանդիպումն ուղղակիորեն կապված չէ այս իրադարձության հետ եւ ծրագրային միջոցառում է: Պաշտպանության ոլորտում այսպիսի ռազմավարական երկխոսության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս օգոստոսին: Դրան մասնակցում են Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ Շաո Յուանմինը եւ ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի ռազմավարական ծրագրավորման եւ քաղաքականության վարչության ղեկավար Ռիչարդ Քլարկը:
Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցզյանը այս կապակցությամբ նշել է, որ այսպիսի խորհրդակցություններն ուղղված են «ճգնաժամի ժամանակ գործողությունների քննարկմանը եւ փոխվստահության ընդլայնմանը»: Նա այլ մանրամասներ չի հրապարակել:




























