ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բեն Համադ ալ Խալիֆայի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«[ԱՄՆ] նախագահը եւ [Բահրեյնի] գահաժառանգ արքայազնը քննարկել են Բահրեյնի իրավիճակի եւ ընդհանրապես տարածաշրջանի վրա Իրանի շարունակվող ազդեցությամբ փոխադարձ մտահոգությունը, ինչպես նաեւ համագործակցությունը Թեհրանի ապակառուցողական գործունեության հակազդման հարցում: Առաջնորդները քննարկել են նաեւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության ուժեղ եւ միասնական խորհրդի կարեւորությունը՝ որպես ահաբեկչական խմբավորումներին եւ Թեհրանին հակազդելու հիմք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վաշինգթոն այցի ժամանակ գահաժառանգ արքայազնը առաջ է քաշել ամերիկյան ընկերությունների հետ 9 մլրդ դոլարի կոմերցիոն համաձայնագրերի իրականացման գաղափարը: Մասնավորապես խոսքը Բահրեյնին F-16 կործանիչներ վաճառելու եւ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը 15 տարով երկարաձգելու մասին է:




























