Բարեփոխումների իրականացման համար Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ լսումները հետապնդում են բնակչության զանգվածային իրազեկման նպատակ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի եւ այն դրական հետեւանքների մասին, որոնք կհաջորդեն: «Հաջողություն կարող են ունենալ միայն այն ծրագիրը, այն համաձայնագրերը եւ այն բարեփոխումները, որոնց մաս են կազմում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ երբ հասարակությունն այդ ամենն իրենն է համարում»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա հայկական կողմի համար ամենակարեւոր մոտիվացիան կլինի, սակայն այդ բարեփոխումները չպետք է թղթի վրա մնան, ինչի համար իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























