ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին եւ ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք եւ ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը», որով անտառային ոլորտում իրականացվող քաղաքականության վարումը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Բնապահպանության նախարարը կարեւորել է CNF –ի հետ համագործակցության ընդլայնումը, որի մանդատի մեջ է մտնում բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցությունը` նշելով, որ առաջիկայում ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ընդգրկվելիք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող անտառներում առկա է 13 հատուկ պահպանվող տարածք եւ վերջիններիս կարողությունների հզորացումը նույնպես առաջնային խնդիր է:
Կողմերը քննարկել են 2017 թվականին համատեղ իրականացված ծրագրերի ընթացքը, արձանագրված արդյունքները, ինչպես նաեւ 2018 թվականին ՀՀ կառավարության կողմից ԲՀՊՏ-ների կառավարման համար նախատեսված ֆինանսավորման չափը եւ այդ ուղղությամբ Կովկասի բնության հիմնադրամի նախատեսած դրամաշնորհային հատկացումների հիմնական ուղղությունները:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարեւորելով բնության հատուկ պահպանվող տարածքներում վարվող քաղաքականության լիարժեք իրականացումը եւ վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը, առաջնային է համարել բոլոր ԲՀՊՏ-ների համար միասնական մոտեցման իրականացումը եւ այդ նպատակով առաջարկել վերանայել CNF -ի հետ ունեցած շրջանակային համաձայնագիրը, ինչն արժանացել է Ջորջ Ջակոմինիի հավանությանը: Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենի խնդրանքով նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման եւ դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքը` առաջարկելով հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ների ընթացիկ ծախսերի համար նախատեսված դրամաշնորհային միջոցներից զատ, դիտարկել նաեւ անվտանգության տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով այլ գումարներ ներգրավելու հնարավորությունը:
2017 թվականին արձանագրված անտառային հրդեհների աննախադեպ մեծ թվող դեպքերի համատեքստում` կողմերը քննարկել են նաեւ արդեն առաջիկա ամսում ԲՀՊՏ-ները հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու հարցերը:
Նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենը համագործակցության առանձին հարցերը քննարկել է նաեւ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի հետ:




























