Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայք:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ՝ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները եւ արդյունքները:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմիանը, ինչպես նաեւ ոլորտում օժանդակություն տրամադրող միջազգային զարգացման եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններ:
Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ENPARD ծրագրի մեկնարկի ժամանակ առաջարկել է ստեղծել դոնորների համակարգման մեխանիզմ՝ զարգացման-համագործակցության հարթակ, ինչը կբարձրացնի ծրագրերի թափանցիկությունը, կնվազեցնի կրկնությունները, կնպաստի կառավարության կողմից սահմանված նպատակների համապատասխանելիությանը, կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաեւ հնարավորություն կտա ֆինանսական օժանդակությունն առավել նպատակային օգտագործել:
«Մենք ստեղծում ենք կայք, որտեղ յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ դոնոր եւ իրականացնող, տեղեկատվություն է տրամադրելու ծրագրերի աշխարհագրության, հիմնական ուղղությունների եւ արդյունքների վերաբերյալ»,- նշել է փոխնախարարը: Այս կայքում կզետեղվեն նաեւ բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները: Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին:
ENPARD ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին նշել է, որ կայքի միջոցով միջազգային կազմակերպությունները կարող են գտնել համագործակցության եզրեր:




























