Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնակի կարեւորելով իրականացվող համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ունեն երկար տարիների գործընկերության փորձ, ինչի արդյունքում էլ այսօր շարունակվում են Երեւանի համար կարեւոր մի շարք ոլորտներում կյանքի կոչվել հաջողված ծրագրեր:

«Այսօր միասին ստորագրելու ենք Երեւանի էներգաարդյունավետության ծրագիրը, որը իր բնույթով եզակի է ոչ միայն իր ֆինանսական եւ բնապահպանական էական դրական ազդեցության տեսանկյունից, այլեւ հատկանշական է նրանով, որ Երեւանի պատմության մեջ առաջին անգամ ստորագրվելու է ոչ սուվերեն վարկ: Այսպիսով Երեւանը կլինի առաջին համայնքը, որը առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին ու հատկապես տիկին Վիոլեյն Սիլվեստրոյին, ում հետ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք այսօր ստորագրելու ենք առաջին ոչ սուվերեն՝ համայնքային վարկը:

Շնորհակալ ենք նաեւ այն պատրաստակամության համար, որ հայտնել եք Երեւանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկի՝ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման գործընթացը համաֆինանսավորելու հետ կապված», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ:

«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք եւ գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ այսօր Երեւանը դառնում է առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Սա իսկապես պատմական պահ է եւ եւս մեկ ապացույցն է ԵՄ –Հայաստան համագործակցության սերտացման: Նաեւ համոզված եղեք, որ Երեւանը վստահելի գործընկեր է բանկի համար, եւ մենք պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ ձեր կողմից առաջարկվող բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների բարեփոխումներին», - ընդգծել է Վազիլ Հուդակը: