Լոռու մարզի Մղարթ, Արդվի եւ հարակից գյուղերի բնակիչներն այս պահին փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ին, Լոռու մարզի Մղարթ համայնքում նախատեսված էր «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընկերության ներկայացուցիչները դեռեւս չեն ժամանել Մղարթ, սակայն կես ժամից ավել է գյուղացիները փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը։ Ցուցարներին միացել են նաեւ Երեւանից ժամանած բնապահպանական խմբեր։

Գյուղացիները պնդում են, որ ճանապարհը չեն բացելու ու «Միռամ» -ի ներկայացուցիչներին թույլ չեն տալու մտնել գյուղ։ Նրանք հանդես են գալիս «Մեր ոսկին մեր հարստությունն է», «Արդվին․ հայոց նստավայր» եւ այլ ցուցապաստառներով։

Թեեւ հանրային լսումների նշանակված ժամից անցել է 30 րոպե, «Միռամ» -ի ներկայացուցիչները դեռեւս չկան։

Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա եւ Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: Ավելի վաղ Արդվի համայնքի ավագանին ընկերության հայտը մերժել էր՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը: