Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ են ստացել «Ելք» խմբակցությունից: Առաջարկները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդունելի են, սակայն, այս նախագծին չեն վերաբերում: Կարինե Աճեմյանն ընդդիմադիր խմբակցությանն առաջարկեց առանձին օրինագծով հանդես գալ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այնուամենայնիվ առաջարկեց գումարը վճարելու համար ժամկետ տրամադրել ծառայությունից խուսափած այն անձանց, որոնք տվյալ պահին այդքան գումար չունեն: ՀՀԿ-ական գեներալ Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց՝ պետք է ինչ-որ բան մտածել այն քաղաքացիների համար, որոնք խուսափել են ծառայությունից, վերադարձել Հայաստան, սակայն, գումար չունեն վճարելու:
«Քաղաքացու 27 տարին լրացել է, եկել է ու ընդհանրապես գումար չունի: Ես այն ժամանակ էլ առաջարկեցի, որ այդ մարդկանց ասենք՝ եթե չեք ծառայել, փող էլ չունեք, զորակոչից խուսափել եք, գնացեք ծառայության որպես պայմանագրային: Մենք պետք է այս բացը լրացնենք, այս հարցը պետք է լուծել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Կարինե Աճեմյանը, սակայն, չհամաձայնվեց. ընդունելի չէ թույլ տալ 10 կամ 100 քաղաքացու խուսափել ծառայությունից:
Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք՝ դեռևս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:
Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից:




























