ԵՄ-ն ավելի շատ քաջալերում է, քան պարտավորեցնում. համաձայնագրի կատարումը մնում է քաղաքական կամքի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը եւ այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց:
Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։
Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների եւ մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժեւորում կատարվածը։
Ի՞նչ է տալու Հայաստան – ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը Հայաստանին:
Նախ՝ այս համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։
Երկրորդ՝ համաձայնագիրը ոչ միայն դեկլարատիվ առումով անդրադառնում է ոլորտներին ու առկա խնդիրներին, այլեւ շեշտում է այն չափանիշները, որոնց շրջանակներում պետք է տրվեն լուծումները:
Երրորդ՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստան- ԵՄ հարաբերությունների խորացման համար: Որքան արագ, բազմակողմանի եւ լրիվ կիրականացվեն համաձայնագրի դրույթները, այնքան ավելի խորը եւ արդյունավետ հարաբերությունների մասին կարող ենք խոսել:
Համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տալիս է իրական հնարավորություններ՝ դառնալու կամուրջ եւ բարձրացնելու պետության հեղինակությունը։
Համաձայնագրի իրականացման համար Հայաստանին ավելի շատ քաջալերում են, քան պարտավորեցնում: Համաձայնագրի կատարումը մնում է գիտակցման, բարի կամքի դրսեւորման եւ քաղաքական կամքի վրա: Չկա պատասխանատվության մեխանիզմ, որը ազդակ կհանդիսանա համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը դա թողնում է հասարակության կողմից պահանջատիրության գիտակցման վրա:
«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարեւոր, սակայն միջանկայլ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը: Ընդունենք, որ հասարակության լայն զանգվածներն ունեն շատ աղոտ պատկերացումներ եւ հետաքրքրություններ՝ համաձայնագրի շուրջ։
Պատահական չէ, որ համաձայնագրում բազմաթիվ հոդվածներ կան` 89, 102, 103, 366, որոնք նվիրված են հասարակությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է եւ իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը:
Հետեւաբար, պատրաստ կլինի՞ հասարակությունը ռեֆորմների, կզբաղվի՞ դրանով, գործը առաջ կգնա, չի՞ զբաղվի, համաձայնագիրը կդառնա հերթական փաստաթուղթ, որտեղ միայն բարի ցանկություններ են եւ եվրոպական չափանիշների երազանք: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, միայն դրա գիտակցումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն կտան՝ համաձայնագիրն իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն եւ հասարակությունը, եւ պետությունը:
Այս համաձայնագիրը կդառնա շրջադարձային, եթե հասարակությունը եւ քաղաքացին դառնան նրա պատվիրատուն։ Կարեւոր է, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա որոշակի արժեհամակարգերով հասարակություն ձեւավորելու եւ զարգացնելու համար։
Կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որ այս ամենը կյանքի կկոչվի, եւ Հայաստանում արմատակալած ֆեոդալական բարքերը իրենց տեղ կզիջեն։
Ըստ իս՝ երաշխիքները նույնքան են, որքան թերահավատությունը։ Սա նշանակում է, որ ամեն ինչ առջեւում է՝ երկրում կհաղթեն առաջադիմական մտածողությամբ ու պատկերացումներով անհատները եւ շրջանակնե՞րը (իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս), թե՞ միջնադարյան պատկերացումներով կլանները, ուժերը, անհատները։
Այս հարցի պատասխանը կախված է մեզնից յուրաքանչյուրից, բայց առաջին հերթին՝ իշխանություններից։ Այսպիսին է այսօրվա հայաստանյան իրականությունը։




























